Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Դիմակներ

Դեմքի և պարանոցի մաշկի խնամք
Հղիության ժամանակ պետք չէ մոռանալ, որ կնոջ օրգանիզմում տեղի են ունենում հորմոնալ տեղաշարժեր, մեծանում է օրգանիզմի ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնվածությունը: Արդյունքում մաշկը կորցնում է էլաստիկությունը, դառնում է չոր, փոքր կնճիռներով:
Մի ծուլացեք հետևել դեմքի և պարանոցի մաշկին, առավել ևս, որ այն շատ ժամանակ չի պահանջում (15րոպե առավոտյան և քնից առաջ):
Աշխատեք օգտագործել մաշկի խնամքի համար բնական մթերք, որն առկա է սննդի պատրաստման ժամանակ:
Օրինակ` դիմակի համար օգտագործեք մեղր, մածուն, մայոնեզ, թթվասեր, կաթնաշոռ: Դրեք մրգային, հատապտղային և բանջարեղենային դիմակներ շաբաթական 2-3 անգամ: Ի դեպ դիմակը դրեք ոչ միայն դեմքին, այլև պարանոցին, շուրթերին:

Դիմակներ և թրջոցներ 

Դիմակ պատրաստելու համար լվացեք և կեղևից մաքրեք թարմ միրջը կամ բանջարեղենը: Պինդ մրգերն ու
բանջարեղենը քերեք քերիչով: Հատապտուղները լվացեք, չորացրեք և ճզմեք փայտե գդալով:
Հիշեք, որ դիմակը պատրաստվում է թարմ մրգերից և մեկ անգամյա օգտագործման համար է: Վերցրեք թանզիֆե անձեռոցիկ, վրան անցքեր բացեք աչքերի և քթի համար: Այնուհետև այն թրջեք մրգից, բանջարեղենից պատրաստված հյութի կամ քսուքի մեջ, թեթևակի մզեք, որպեսզի հյութը չկաթի աչքերի մեջ: Անձեռոցիկը դրեք դեմքին և 10-15րոպեից դեմքը լվացեք գոլ ջրով: Դրանից հետո սրբիչով կամ
ձեռքերով թեթևակի մեղմ հարվածներ հասցրեք ծնոտի տակ 1-2 րոպեի ընթացքում և դեմքը լվացեք սառը ջրով:
Ավելի լավ է թրջոցներ դնել պառկած վիճակում` առավոտյան լվացվելուց առաջ: Այնուհետև թեթև շարժումով խոնավ մաշկին քսեք
ձեր մաշկին համապատասխան կրեմ:
Հանեք կրեմի մնացորդները անձեռոցիկով և կտեսնեք` ձեր մաշկը դարձել է փափուկ և նուրբ: Միայն սրանից հետո է կարելի օգտագործել դեկորատիվ կոսմետիկա: Շատ հղի կանայք անհանգստանում են մաշկի վրա հայտնված պիգմենտային հետքերից` խլոազմներից,
որոնք անհետանում են ծննդաբերությունից հետո: Իսկ եթե դրանք չեն անհետանում, դիմեք բժշկի և նա կառաջարկի բնական մթերքներ պարունակող սպիտակեցնող նյութեր: Մենք ձեզ առաջարկում ենք հետևյալ սպիտակեցնող դիմակները:

Դիմակ վարունգից

Դիմակի պատրաստման համար մանր քերիչով քերեք վարունգը` անձեռոցիկի վրա: Դրեք դեմքին 20-30 րոպե: Ճարպածակոտկեն մաշկի դեպքում խառնեք քսուքը ձվի հարած սպիտակուցի հետ կամ դրան ավելացրեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Դիմակը պահեք 20 րոպե: Նման դիմակից հետո դեմքը լվանալ պետք չէ:

Թրջոցներ վարունգով

Վերցրեք միջին չափսի վարունգ, քերեք քերիչով և անցկացրեք իր ծավալին հավասար չափով կիտրոնահյութ: Թրջոցները դրեք 10-15րոպե` օրական մի քանի անգամ կամ մեկ անգամ` 20-30 րոպե տևողությամբ (ճարպոտ մաշկի համար):

Կիտրոնի թրջոցներ

Բոլորին հայտնի է կիտրոնի սպիտակեցնող հատկությունը: Թրջոցի պատրաստման համար քամեք մեկ կիտրոնի հյութը, ավելացրեք 2 ճաշի գդալ մեղր: Այդ լուծույթը կարելի է պահել սառնարանում մինչև մեկ շաբաթ: Պատրաստված լուծույթում թրջեք անձեռոցիկը և դրեք դեմքին: 15-20 րոպեից անձեռոցիկը հանեք և լվացվեք գոլ ջրով:  

 

Font+-
Contrast