Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Ոճ հղիների համար

PghikՀղի կնոջ հագուստի մոդելներն այնպիսին պետք է լինեն,  որ  շեղեն  ուշադրությունը  մեծ  որովայնից  դեպի դեմքը,  ինչը  շատ  հղիների  մոտ  գեղեցկացած  է  և թարմացած:
Հղիի հագուստի համար անհրաժեշտ են  բնական կտորներ,  ազատ  սիլուէտներ,  ուշադրություն  գրավող օձիքներ, աքսեսուարներ և այլն:
Յուրաքանչյուր  կին  անհատականություն  է:  Այդ պատճառով  պետք  է  նայել  հայելու  մեջ  և  գնահատել սեփական  կառուցվածքը,  դրանից  հետո  նոր  զբաղվել հագուստի  ընտրությամբ:  Հղիության  յուրաքանչյուր եռամսյակում  Ձեր  մարմինը  կունենա  իր առանձնահատկությունները:
Հղիության առաջին եռամսյակ

Հագուստ:  Պետք  է  նշել,  որ  առաջին  անգամ հղիացած  կնոջ  մարմինը  կտարբերվի  կրկնահղի  կնոջ մարմնից, ծննդաբերած կնոջ որովայնը առավել նկատելի կլինի,  քանի  որ  որովայնի  մկանները  կորցնում  են էլաստիկությունը և չեն թաքցնում մեծացող արգանդը:  Այդ  պատճառով  արդեն  ծննդաբերած  կանայք առաջին  եռամսյակում  կարող  են  կրել  ազատ  սիլուէտի հագուստ,  առանց  գոտու:  Այն  դեպքում,  երբ առաջնահղիները  առանց  մարմնի  տեսանելի փոփոխությունների (միայն կուրծքն է մեծանում), կարող են  կրել  իրենց  սովորական  հագուստը`  զգեստներ (նույնիսկ  գոտիով,  կիսաշրջազգեստներ,  ժակետներ, կիսատաբատներ,  շապիկներ  և  այլն):  Իհարկե, անհարմար կլինի կրել ընդգծող ջինսեր, քանի որ օրվա վերջում  հոգնածությունն  իրեն  կզգացնի  և  ցանկություն կառաջանա  ազատել  որովայնը:  Կարելի  է  հագնել տաբատ,  սակայն  ազատ,  վրայից  իջնող  բլուզով: Բլուզները կարող են լինել տարբեր կտորներից, տարբեր գույներով և նախշերով:

Կոշիկները: Հղիության առաջին շրջանում, պետք է լինի կաշվից, հարմար, ոտքը չսեղմող և առանց կրունկի:
Աքսեսուարները:  Հղի  կնոջ  հագուստում աքսեսուարներին  շատ  կարևոր  տեղ  է  հատկացվում, հաճախ  դրանք  դառնում  են  շեղող,  կոստյումին փոփոխական  տեսք  են  տալիս,  և  մեծ  ծախսեր  չենպահանջում:  Յուրաքանչյուր  կին  ունի  մի  քանի  բարակ շարֆեր,  վզնոցներ,  ուլունքներ  կամ  այլ  զարդեր:  Շատ օրիգինալ  է  միագույն  մուգ  հագուստի  հետ  ծավալուն ապարանջանների կրումը:

Հղիության երկրորդ եռամսյակ

Հղիության երկրորդ եռամսյակում կինը նկատում է, որ կուրծքը խիստ մեծացել է, գոտկատեղը անհետացել է, իսկ որովայնը սկսել է կլորանալ: Արդեն նա չի կարող կրել  նախկին  սովորական  հագուստը,  բայց  և ավանդական լայն շրջազգեստները դեռ բավականին մեծ են: Կնոջ առջև ծառանում է հագուստի ընտրության բարդ խնդիրը: Իհարկե, ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց յուրաքանչյուչ  եռամսյակ  ամբողջությամբ  թարմացնել պահարանը: Այդ պատճառով գնեք Ձեր չափսից քիչ մեծ հագուստ:  Այն  կարող  է  պետք  գալ  ծննդաբերությունից հետո,  երբ  սովորական  հագուստի  մեջ  չեք  «տեղավորվի»: Որոշ  կանայք  օգտվում  են  իրենց  ամուսինների պահարաններից:  Այնպես  որ  կարող  եք  հագնել  նրանց սվիտրները,  ջինսերը,  վերնաշապիկները  և  այլն: Ժիլետները կարող են խիստ փոփոխել ձեր պահարանը: Եթե  ժիլետներ  չունեք,  կարող  եք  մի  քանի  վառ  գույնի ժիլետներ  գնել  և  հագնել  մուգ  տաբատի  հետ: Լավ  կլինի  նաև  ժակետը,  սակայն  այն  պետք  է  լինի երկար:  Աշխատեք  չհագնել  ընդգծող  տաբատներ լայկրայից, քանի որ այդ շրջանում մեծանում են ոտքերի ձկնամկանները  և  ազդրերը:  Բացի  այդ,  տհաճ  կլինի ձգված որովայնի զգացողությունը: Ինչ  վերաբերում  է  գուլպաներին  կամ կիսագուլպաներին,  ապա  նախընտրեք  մուգ  գույներ: Այդպիսի  զուգագուլպաները  կծածկեն  ոտքերի թերությունները  և  ոտքերը  կդարձնեն  ավելի  սլացիկ:

Կոշիկներ: Երկրորդ  եռամսյակում  արդեն  մեծանում  է ոտքերի  ծանրաբեռնվածությունը  ի  հաշիվ  լրացուցիչ քաշի:  Աշխատանքի  ժամանակ,  տևական  քայլքի  կամ կանգնած  դիրքի  արդյունքում  հայտնվում  է  մեջքի  ցավ, ոտքերը կարող են այտուցվել, նախկին կոշիկները նեղել: Այդ  պատճառով  այս  շրջանում  կրեք  ազատ,  կաշվե կոշիկ` ցածր, լայն կրունկով, մինչև 3 սմ բարձրությամբ: Կոշիկի  թաթերը  պետք  է  լայն  լինեն:  Եթե  երեկոյան  ձեր  ոտքերը  շատ  հոգնեն,  կես  ժամ պառկեք  վեր  բարձրացրած  ոտքերով:

Սպիտակեղեն: Առավել  ուշադրություն  դարձրեք  այս շրջանում սպիտակեղենի վրա, որը պետք է լինի հարմար և  հիգիենիկ:  Առաջին  հերթին  կրեք  բամբակե  կտորից կրծկալ:  Այն  կպահի  մեծացած  կուրծքը  և  կպահի արտաքին  ազդեցություններից:  Սկզբում  կարող  եք  կրել սովորական,  հետո  լայն  բրետելներով,  չափսից  մեծ կրծկալներ, քանի որ կուրծքը չպետք է սեղմվի: Սակայն ժամանակի  հետ  ձեռք  բերեք  հղի  և  կերակրող  կանանց համար  նախատեսված  կրծկալներ:  Մի  կրեք  կարճ վարտիքներ որովայնի տակով անցնող ռեզինով, քանի որ այն  կսահմանափակի  Ձեր  շարժումները  և  հագուստի տակ ծալք կառաջացնի: Գնեք  մի  քանի  զույգ  բարձր  վարտիքներ  և անպայման  բամբակից,  քանի  որ  հղիության  ժամանակ դուք կարող եք ունենալ արտադրություն հեշտոցից:

Հղիության երրորդ եռամսյակ
Երրորդ` ավարտական եռամսյակում հղիությունը կլինի արտահայտված, բայց չնայած դրան պետք է լավ տեսք ունենալ:
Չարժե այդ շրջանում կրել մեծ չափսի հագուստ, քանի որ մեծ որովայնի կողմից այն կդիտվիավել կարճ, քան ետևից: Կարևոր է պահպանել հագուստի հետևյալ պայմանները` շրջազգեստի եզրը պետք է հասնի ձկնամկանի կեսին, հակառակ դեպքում կդիտվեք հակաէսթետիկական: Ստիպված կլինեք թարմացնել պահարանը` գնելով մի քանի հագուստ հատուկ հղիների համար:
Սպիտակեղեն: Սպիտակեղենը պետք է կարված լինի բնական կտորներից և բավարարի հղի և կերակրող կնոջ
բոլոր պահանջները: Ձեռք բերեք մի քանի կրծկալներ հատուկ հղի և կերակրող կանանց համար, որոնք լավ կպահեն կուրծքը,
կունենան լայն բրետելներ և կկոճկվեն դիմացից:
Նման ձևի կրծկալները` լայն գոտով և բարձր բաժակներով, նկատելի կփոքրացնեն ճնշումը կրծքավանդակի մկանների վրա: Այդ պատճառով որոշ կանայք շարունակում են կրել այդ կրծկալները ողջ կերակրման ընթացքում: Պտուկների համար առաջարկվում է օգտագործել կոպիտ բամբակե կտորից ներդիրներ: Հետագայում, կրծքով կերակրման ժամանակ այդ ներդիրները փոխում են ուրիշով, որը լավ կներծծի խոնավությունը և կպահպանի հագուստը արտադրվող կաթից: Ձեզ կարող է թվալ, թե այդպիսի կրծկալները
հնաոճ են և հակաէսթետիկ: Սակայն դիզայներները հոգացել են, որ հղի կինը համակրելի տեսք ունենա, և մծակել են հղի և կերակրող կնոջ համար կրծկալների գեղեցիկ մոդելներ:
Որոշ կանայք նախընտրում են հագնել վարտիքներ, որովայնի տակից անցնող ռեզինով, սակայն կրկնենք, որ դա անցանկալի է: Անհրաժեշտ է ձեռք բերել մի քանի զույգ բարձր վարտիքներ բամբակից, որոնք ամբողջությամբ կծածկեն որովայնը: Կարող է թվալ, որ
դուք տգեղ կդիտվեք, բայց կլինի շատ հարմար, քանի որ նման վարտիքները չեն ճնշի և չեն սահի:
Ինչպես և կրծկալները, այս վարտիքները պետք կգան նաև ծննդաբերությունից հետո, երբ անհրաժեշտ կլինեն ներդիրներ` արտադրությունից սպիտակեղենը պահպանելու համար:
Կոշիկներ: Երրորդ եռամսյակում հղի կնոջ ոտքերի երակները կարող են լայնանալ, կամ կարող է զարգանալ հարթաթաթություն: Այդ պատճառով պետք չէ բարձրակրունկ կոշիկներից միանգամից անցնել առանց կրունկի տնային կոշիկների: Որպեսզի ոտքերը չհոգնեն,
անհրաժեշտ է հագնել փափուկ կոշիկ` փոքր կրունկով (3 սմ) կամ տանկետկայով և կլորացող լայն թաթով:
Հարթաթաթության կանխարգելման և ամբողջ օրվա լարվածությունից հետո հոգնածությունը հանելու նպատակով մարզեք ոտքի թաթի մկանները հետևյալ կերպ. նստեք աթոռին, հատակին դրեք թաշկինակ, մատիտ կամ գնդակ և աշխատեք իրերը բարձրացնել
ոտքի մատներով մի քանի անգամ:

ՍԱՆՐՎԱԾՔ

Ինչպես արդեն ասել ենք, հղիության ժամանակ հնարավոր են դեմքի ձևի փոփոխություններ: Այն կարող է դառնալ լայն, իսկ դիմագծերը` քիչ նրբագեղ: Այդ պատճառով սանրվածքի ընտրության ժամանակ խորհրդակցեք Ձեր վարսահարդարի հետ: Նա Ձեզ կառաջարկի առավել համապատասխան սանրվածք, որը կնեղացնի ձեր դեմքը և կմեղմի հղիության ժամանակ առաջացած փոփոխությունները:

Մազերի տեսակը և կառուցվածքը

Բարակ, փափուկ մազերին սազում է խոշոր խոպոպներով` 8-9 սմ երկարությամբ սանրվածք: Խուսափեք մանր գանգրացումից, հատկապես` քիմիական: Կոշտ մազերին խորհուրդ է տրվում կարճ կտրվածք կամ փափուկ խոպոպներով հասարակ սանրվածք:

Մազերի աճի ուղղությունը

Սանրվածքի ընտրության ժամանակ ուշադրություն դարձրեք մազերի աճի ուղղությանը, քանի որ դրանք պետք է ձգտեն իրենց աճի բնական ուղղությանը և փոխեն սանրվածքը: Եթե ծոծրակի վրա մազեր են աճում, խուսափեք բարձր սանրվածքներից: Այդ դեպքում նրանք կկորցնեն ձևը և բնական տեսքը:

Մազերի երանգը և գանգրությունը

Հղիության ժամանակ հորմոնալ փոփոխությունների արդյունքում ապագա մայրերի օրգանիզմում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ: Ափերը կարող են դառնալ վարդագույն, կարմիր, լնդերն այտուցվեն, արյունահոսեն: Մազերը կարող են ձեռք բերել փայլ կամ կորցնել առաձգականությունը և դառնալ փափուկ: Հղի կանանց խորհուրդ չի տրվում քիմիական գանգրացում կատարել, նախ օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների պատճառով գանգրացումը կարող է չստացվել, բացի այդ, այն կարող է վտանգավոր լինել պտղի զարգացման համար, քանի որ օգտագործվող քիմիական նյութերը կարող են ներծծվել գլխի մաշկով արյան անոթների մեջ և փոխանցվել զարգացող երեխային: Դուք պետք է սպասեք մինչև երեխայի ծնունդը: Չի կարելի նաև կիրառել թեփի դեմ միջոցներ:

 

 

 

Font+-
Contrast