Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Posted by on Jun 24, 2016 in Uncategorized |

«ՄԵՐ ՁԱՅՆԵՐԸ-ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ» Հետազոտական ծրագիր

«ՄԵՐ ՁԱՅՆԵՐԸ-ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ» Հետազոտական ծրագիր

Հետազոտության նպատակը և խնդիրները

Հետազոտության նպատակը և խնդիրներն են՝ 1. Ուսումնասիրել ՀՈՒԿ կենսագործունեության հիմնական ոլորտներում անհավասարության, խտրականության և բռնության թաքնված դրևորումների առկայությունը: 2. Գնահատել ՀՈՒԿ շրջանում իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: 3. Գնահատել Հայաստանում քաղաքացիական ինստիտուտների մասնակցությունը ՀՈՒԿ հիմնախնդիրների լուծմանն ուղղված գործունեությանը: 4. Բացահայտել ՀՈՒԿ հատուկ կարիքները և մշակել ՀԿ-ների համար առաջարկությունների փաթեթ: 5. Ուսումնասիրել ՀՈՒԿ կյանքի պայմանները՝ բացահայտելով այն ռիսկային գործոնները, որոնք կարող են հանգեցնել բռնության տարբեր դրսևորումների: 6. Վերլուծել քաղաքացիական հասարակության ինստիտուտների կառույցների ներգրավման արդյունավետությունը՝ Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց հիմնախնդիրների լուծմանն աջակցելու գործընթացներում: 7. Գնահատել հաշմանդամություն ունեցող կանանց սոցիալական և առողջապահական ծառայություններ մատուցող ինստիտուտների գործունեության արդյունավետությունը: 8. Գնահատել ՀՈՒԿ կենսապայմանները և ընտանեկան հիմնախնդիրները: Հետազոտական ծրագրի արդյունքները ամփոփվել են ուսումնասիրության երկու հիմնական ուղղություններով՝ 1. ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպությունների շրջանում իրականացված հետազոտություն: 2. ՀՀ-ի բոլոր մարզերում և Երևանում բնակվող 18-65 տարեկան թվով 150 հաշմանդամություն ունեցող կանանց շրջանում իրականացված հարցումներ: Հետազոտության արդյունքում ստացված ելակետային տվյալների վերլուծության հիման վրա ձևակերպվել են ծրագրի հիմնական եզրակացություններն ու առաջարկությունները:

ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ՝ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

«Մեր ձայները -մեր իրավունքները» հետազոտական ծրագրի կարևորագույն նպատակն է ուսումնասիրել և գնահատել Հայաստանում գործող հասարակական ոլորտի կառույցների ծրագրերում ՀՈՒԿ ներգրավվածության աստիճանը: Հայաստանի նման բազմաթիվ չլուծված սոցիալական խնդիրներ ունեցող երկրի համար հասարակության ամենախոցելի խմբերի շահերի պաշտպանության և նրանց անհրաժեշտ ծառայություններ մատուցելու գործում նշանակալից դեր են խաղում հասարակական կազմակերպությունները: Հաճախ վերցնելով իրենց ուսերին պետական ինստիտուտների տարբեր գործառույթներ՝ հասարակական կազմակերպություններն իրենց գործունեությամբ լրացնում են սոցիալական պաշտպանության, խնամքի, բազմաբնույթ սոցիալական ծառայությունների տրամադրման բացերը: Ակնհայտ է, որ պետությունը ի վիճակի չէ ամբողջովին լուծել իր քաղաքացիների կրթական, սոցիալական, առողջապահական և մի շարք այլ խնդիրներ: Ժամանակակից հասարակությունն առանց ՀԿ-ների աջակցության չի կարող հաղթահարել բազմաթիվ դժվարություններն ու մարտահրավերները, որոնց բախվում են ՀՈՒԱ իրենց առօրյա կյանքում: Իսկ հաշմանդամություն ունեցող կանայք գտնվում են կրկնակի դժվարությունների, բարդույթների և ճնշումների կիզակետում: Քաղաքացիական հասարակության ինստիտուտները հանդիսանում են խոցելի խմբերի, այդ թվում ՀՈՒԿ համար առողջապահական, սոցիալական, հոգեբանական և իրավաբանական աջակցության ապահովման կարևորագույն դերակատարներ, պետության հենարաններ: Շատ բարդ է գնահատել հասարակական կազմակերպությունների ներդրման ողջ արժեքը, քանի որ պետությունը լիարժեքորեն չի հաշվառում ՀԿ-ների կողմից մատուցված ծառայությունները և չի տեսնում ՀԿ-ներին որպես լիարժեք գործընկեր՝ խոցելի խմբերին անհրաժեշտ ծառայություններ մատուցելու գործում: «Մեր ձայները – մեր իրավունքները» ծրագրի կարևորագույն նպատակներից է հստակեցնել ՀԿ-ների դերը ՀՈՒԿ առաջնային կարիքների լուծմանն ու զարգացմանն ուղղված սոցիալական, առողջապահական, հոգեբանական և այլ ծառայությունների մատուցման գործում: Այդ գործընթացում ՀԿ-ների մասնակցության գնահատման նպատակով նախաձեռնվել է իրականացնել հետազոտություն ՀՀ-ում գործող կազմակերպությունների շրջանակում: Հարցման համար ընտրվել են թվով 20 հասարակական կազմակերպություններ, որոնք գործում են երկու հիմնական ոլորտներում՝ Կանանց իրավունքներով և հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ներ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով և հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ներ Հետազոտական ծրագրի կարևորագույն նպատակն է գնահատել, թե որքանով են խաչվում, համընկնում վերոհիշյալ երկու ոլորտների կազմակերպությունների գործունեությունը ՀՈՒԿ հիմնահարցերի լուծմանն աջակցելու գործում: ՀԿ-ների շրջանում հետազոտություն անցկացնելու նպատակով կազմվել է առցանց ձևաչափով հարցաթերթիկ՝ docs.google.com կայքի գործիքներով: Ս/թ հուլիսի 16-ից մինչև սեպտեմբերի 16-ը առցանց լրացրել են հարցաթերթը ՀՀ-ում գործող թվով 19 ՀԿ-ներ, իսկ մեկ ՀԿ ուղարկել է իր կողմից լրացված հարցաթերթը էլեկտրոնային փոստով: 
Font+-
Contrast