Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Պատճառներ

Որոշ կանայք ի ծնե հաշմանդամություն ունեն, մի մասի հիվանդությունն էլ ավելի է խորանում տարիների ընթացքում: Իսկ ոմանք էլ հանկարծակի են հաշմանդամ դառնում` դժբախտ պատահարների կամ վիրուսների (հարուցիչների) պատճառով: Հնարավոր չէ կանխել այդ երևույթները:
Երեխաների շրջանում հայտնաբերված որոշ հիվանդություններ պայմանավորված են կանանց կյանքի անբարենպաստ պայմաններով: Եթե կինը ընդունի վիտամիններով հարուստ սնունդ, զերծ մնա քիմիական նյութերով աշխատելուց և հոգ տանի իր առողջությանը, ապա կկարողանա խուսափել հիվանդություններից:

Ժառանգական փոխանցվող հաշմանդամություն

Կան որոշ ժառանգական հիվանդություններ, ինչպիսիք են մկանների թերսնուցումը և մկանների ու նյարդերի ախտահարումը: Կան նաև այլ հիվանդություններ, որոնք առաջանում են այն դեպքում, երբ արյունակից հարազատները միմյանցից են ունենում երեխաներ (քույր ու եղբայր, մոտ զարմիկներ, ծնողներ ու երեխաներ և այլն): Այնուամենայնիվ, հիվանդությունների մեծ մասը ժառանգական չէ:

Հիվանդություն

Երբ հղի կինն ունի որոշակի հիվանդություններ, դրանք կարող են պատճառ դառնալ, որ նրա երեխան ծնվի ֆիզիկական խնդիրներով: Այդ հիվանդություններից մեկը կարմրուկն է: Դրա դեմ կան հակավիրուսային պատվաստանյութեր:

Սիֆիլիսը, հերպեսը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը նույնպես կարող

են փոխանցվել երեխային մորից, երբ նա հղի է, և պատճառ են դառնում երեխայի հաշմանդամ ծնվելուն: Այդ իսկ պատճառով կինը պետք է պաշտպանվի, անընդհատ ստուգումներ անցնի և իմանա` ինքը ինչ-որ սեռական հիվանդությամբ վարակված է, թե ոչ, այն ընթացքում, երբ երեխան զարգանում է իր արգանդում:
Կան նաև հաշմանդամություն առաջացնող որոշ հիվանդություններ, որոնցով նորածինը կամ փոքրիկ երեխան կարող են ախտահարվել: Դրանցից են, օրինակ` մենինգիտը (գլխուղեղի թաղանթի բորբոքում), պոլիոմիելիտը և կարմրուկը: Նորածնի համար կարևոր է համապատասխան պատվաստումների ստացումը, որը կկանխարգելի նրա հիվանդանալը: Այն երեխաները, ովքեր ապրում են այնպիսի վայրերում, որտեղ բորոտությունը սովորական երևույթ է, պետք է, որքան հնարավոր է շուտ ստուգում անցնեն:

Միջուկային զենքի ողբերգական հետևանքները

Հազարավոր մարդիկ տառապեցին ու վնասվեցին պայթյունների ու ճառագայթումների պատճառով` Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1979 թվականին` միջուկային ռումբի պայթյունից, և 1986 թվականին Ուկրաինայում` չեռնոբիլյան աղետից հետո: 1945 թվականին էլ աղետ տեղի ունեցավ, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները ատոմային ռումբ նետեց Ճապոնիայի վրա: Այս ողբերգական դեպքերը բազմաթիվ մարդկանց մահվան և հիվանդությունների պատճառ դարձան:
Այս պատահարների և ռմբակոծությունների ժամանակ ողջ մնացած մարդիկ, տառապում են ուռուցքային հիվանդություններով և քաղցկեղով, հատկապես` վահանաձև գեղձի և լիկիմիայի (արյան քաղցկեղ), որոնցից յուրաքանչյուրը մահվան պատճառ է դառնում: Այն երկրներում, որտեղ տեղի են ունեցել միջուկային զենքի պայթյունները, երեխաները ծնվում են մտավոր ու ֆիզիկական խնդիրներով:

Պատվաստումներն ու դեղամիջոցները

Երբ օգտագործվում են ճիշտ ու տեղին վակցինաներ ու դեղամիջոցներ, ապա կարող ենք հիվանդություններից ու հաշմանդամությունից զերծ մնալ: Օգտագործված ասեղներով ներարկվելիս նույնպես կարող է վարակ փոխանցվել մեկից մյուսին, օրինակ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և հեպատիտը:
Ամեն տարի այս ներարկումներից միլիոնավոր մարդիկ են հիվանդանում և հաշմանդամություն ձեռք բերում, մինչև իսկ` մահանում: Անմաքուր ասեղները նույնպես տարբեր ինֆեկցիաներ են առաջացնում: Կան նաև այնպիսի վակցինաներ, որոնցից մարդը վտանգավոր ալերգիաների մեջ է ընկնում, մինչև անգամ մոր արգանդում երեխան կարող է խլանալ ու թունավորվել:
Հղիության ընթացքում որոշ դեղամիջոցների գործածությունն ու ներարկումները վատ են անդրադառնում երեխայի առողջությանը: Ավել չափաբաժնով որոշ դեղամիջոցների ներարկումը, ինչպիսին է օքսիտոցինը, որն արվում է երեխայի ծնունդը արագացնելու և մոր ցավերին ուժ տալու համար, նորածնին ծննդաբերության ժամանակ զրկում է թթվածնից: Սա մեծ վնաս է հասցնում երեխայի ուղեղին: Հղիության ընթացքում ալկոհոլ ու ծխախոտ օգտագործելը նույնպես վնասում է նրա զարգացմանը: Յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ հղիության ընթացքում տարբեր դեղամիջոցների օգտագործումը անչափ ռիսկային է: Ուստի բժիշկները, բուժքույրերը, առողջապահության ոլորտի աշխատողները, դեղագործներն ու ամեն ոք պետք է զերծ մնան սխալ կամ ավել չափաբաժնով դեղեր օգտագործելուց, հատկապես` ներարկումներից:

 Թերսնումն ու աղքատությունը

Հաշմանդամության ամենամեծ պատճառներից մեկը աղքատությունն է: Ընչազուրկ մարդկանց հաշմանդամ դառնալու հավանականությունը ավելի մեծ է, քանի որ նրանք ապրում են ու աշխատում սանիտարահիգիենիկ պայմաններից զուրկ և խիտ բնակեցված վայրերում, չունեն կրթության հնարավորություն, մաքուր ջուր կամ ոչ բավականաչափ սննդարար ուտելիք: Սրանք առաջացնում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են տուբերկուլյոզը (պալարախտ) և պոլիոմիելիտը (ողնուղեղի բորբոքում), որոնք սուր վարակիչ հիվանդություններ են ու կարող են հեշտությամբ փոխանցվել մեկից մյուսին:
Աղքատ ընտանիքներում շատ երեխաներ կարող են հաշմանդամ ծնվել, կամ էլ մահանալ տարբեր հիվանդություններից: Պատճառն այն է, որ պտղի զարգացման ընթացքում մայրը բավականաչափ սնունդ չի ընդունում: Դրան նպաստում է նաև այն փաստը, որ մայրը լավ չի սնվել, քանի դեռ երեխա էր: Մանկուց սկսած` աղջիկ երեխան ավելի քիչ է սնվում, քան տղան: Արդյունքում` նրա աճն ավելի դանդաղ է ընթանում, ոսկորները չեն զարգանում ինչպես հարկն է, որը հետագայում կարող է խոչընդոտել նորմալ հղիությանը, հատկապես, եթե կինը լավ խնամք չի ստանում:

Պատերազմները

Այսօր էլ պատերազմների ժամանակ զինվորներից զատ շատ քաղաքացիներ են սպանվում կամ հաշմանդամություն ձեռք բերում, և նրանց մեծամասնությունը կանայք ու երեխաներ են: Պայթյունների պատճառով մարդիկ են զոհվում, կուրանում, զրկվում լսողությունից, կորցնում վերջույթները: Մտավոր հիվանդությունները նույնպես առաջանում են բռնությունից: Պատերազմների ժամանակ մարդիկ զրկվում են բնակարաններից, ավերվում են դպրոցներ, հիվանդանոցներ, և սրանք ևս նպաստում են հաշմանդամության, աղքատության և հիվանդությունների աճին:

Աշխատանքային վտանգավոր պայմաններ

Օրվա ընթացքում շատ երկար աշխատող կանանց հետ կարող են դժբախտ դեպքեր տեղի ունենալ: Նրանք, ովքեր աշխատում են արդյունաբերական գործարաններում ու ֆաբրիկաներում, կարող են քիմիկատներից ու թունավոր նյութերից տարբեր հիվանդություններ ձեռք բերել: Հաշմանդամության պատճառ կարող են դառնալ դժբախտ պատահարները, քիմիական նյութերից պաշտպանված չլինելն ու երկար աշխատելը:

 Դժբախտ պատահարներ

Բազմաթիվ կանայք ու երեխաներ հաշմանդամություն են ձեռք բերում տնային պայմաններում, երբ այրվածք են ստանում ճաշ եփելիս, վնասվում վայր ընկնելուց, փողոցային պատահարներից, թունավոր քիմիական նյութեր խմելուց կամ շնչելուց: Աշխատանքի վայրում տեղի ունեցող պատահարները, հատկապես քիչ կանոնակարգված ոլորտներում:

 Թույներ և թունաքիմիկատներ

Թույները, ինչպիսիք են, օրինակ, ներկերում պարունակվող կապարը, կամ առնետների վերացման համար նախատեսված թունաքիմիկատներ և այլ քիմիական նյութեր կարող են հաշմանդամության առաջացման պատճառ դառնալ: Նախքան երեխայի ծնունդը նրա առողջության վրա ազդում են նաև ալկոհոլը, ծխախոտի ծուխը և այլ վնասակար նյութեր:
Աշխատողները հաճախ քիմիկատների ու թունավոր նյութերի հետ են շփվում աշխատանքի վայրում կամ դաշտերում` առանց պահպանելու անվտանգության կանոնները, կամ անիրազեկ լինելով դրանց վնասակարության մասին: Ֆաբրիկաներում ու գործարաններում տեղի ունեցող դժբախտ պատահարները առողջության համար վնասակար թունավոր նյութեր են արտանետում օդ, ջրի ու հողի մեջ և կարող են նաև հաշմանդամության պատճառ դառնալ:

 

Font+-
Contrast