Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Սոցիալական մոդել

Չբացառելով հաշմանդամության բժշկական մոդելի կարևորությունը՝ հաշմանդամության սոցիալական մոդելը հաշմանդամությունը դիտարկում է որպես հասարակության սոցիալ-մշակութային արժեքների հետևանք։ Այս մոտեցումը բացարձակապես կառուցված է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա և կոչ է անում ստեղծել հավասար հնարավորություններ և լիարժեք մասնակցություն հասարակության բոլոր քաղաքացիների համար։ Հաշմանդամության սոցիալական մոդելը կենտրոնանում է արգելքների և խոչընդոտների վերացման վրա և վստահում է հաշմանդամություն ունեցող մարդու՝ որպես երկրի լիարժեք քաղաքացու կարողություններին և ներուժին։ Ավելին, այս մոդելը կոչ է անում հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությանը երկրի զարգացման գործընթացներին։ Հաշմանդամություն ունեցող մարդիկ պետք է առաջնային և կարևոր մասնակցություն ունենան իրենց խնդիրների լուծմանն ուղղված օրենքների, քաղաքականությունների, ռազմավարությունների և գործընթացների մշակմանը, իրականացմանը, մոնիթորինգին և գնահատմանը։ Սոցիալական մոտեցման դեպքում հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի որակը բարելավելու գործողություններն ուղղված են այն բանին, որպեսզի վերացվեն բոլոր ներքին ու արտաքին խոչընդոտները, որոնք խանգարում են հասարակության կյանքին նրանց ներգրավմանը։ Սոցիալական մոտեցման կիրառումը կհանգեցնի հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորությունների հավասարեցմանը մյուս բոլոր մարդկանց հետ և նրանց համար ճանապարհ կբացի դեպի լիարժեք կյանք։ Այսպիսով, սոցիալական մոդելի տեսանկյունից հաշմանդամությունը սահմանվում է որպես անձի առողջական խնդիրների հետևանքով ձեռք բերած ֆունկցիոնալ սահմանափակումների և միջավայրային և վերաբերմունքի, արգելքների/խոչընդոտների փոխազդեցության հետևանք։ Հետևաբար, հաշմանդամության խնդիրների լուծմանն ուղղված քաղաքականությունը պետք է հիմնականում կենտրոնանա միջավայրային խոչընդոտների վերացմանը և հավասար հնարավորությունների ստեղծմանը։

Սոցիալական մոդելի վրա հիմնված մոտեցումը կազմում է ներառական կրթության առանցքը, քանի որ այն ենթադրում է` բոլոր երեխաների կրթական կարիքների հավասար գնահատում. դպրոցի ուսումնական և մշակութային, համայնքային միջոցառումներին բոլոր երեխաների ներգրավվածության աստիճանի բարձրացում. կրթական քաղաքականության վերանայում և համապատասխանեցում բոլոր երեխաների կարիքներին. ուսումնական գործընթացներում առկա խոչընդոտների վերացում և նրանում բոլոր աշակերտների ներգրավում. երեխաների գիտելիքների, կարողությունների և հմտությունների միջև առկա տարբերությունները ոչ թե որպես դժվար հաղթահարվող բարդության, այլ որպես կրթական գործընթացին նպաստող հանգամանքի ընդունում.սեփական համայնքում կրթություն ստանալու բոլոր երեխաների իրավունքի հավասար պաշտպանություն և հարգանք. դպրոցական պայմանների բարելավում. հասարակության ժողովրդավարական և մարդասիրական արժեհամակարգի ձևավորման գործում դպրոցների դերի կարևորում. կրթությունը որպես հասարակության մեջ բոլոր մարդկանց լիարժեք ներառման և ինքնադրսևորման կարևորագույն բաղադրամասի ճանաչում։

Font+-
Contrast